Վտանգավոր կենցաղային թափոններ

Վտանգավոր թափոնները կարելի է բաժանել երկու հիմնական խմբի՝ հատկանիշների հիմքով վտանգավոր թափոններ և ցուցակագրված վտանգավոր թափոններ: Սրանք թափոնների այն տեսակներն են, որոնք վտանգավոր են, քանի որ դրանք պարունակում են որոշակի ֆիզիկական հատկություն կամ հատկանիշ: Վտանգավոր թափոնն այն թափոնն է, որն ունի հետևյալ վտանգավոր հատկություններից մեկը կամ մի քանիսը. պայթուցիկ, օքսիդացող, դյուրավառ, գրգռիչ, հատուկ թիրախային օրգանների թունավորություն, սուր թունավորություն, քաղցկեղածին, քայքայիչ, վարակիչ, վերարտադրության համար թունավոր, մուտագեն, սուր թունավոր գազի արտազատում, զգայագրգռիչ և էկոթունավոր, ինչպես սահմանված է ԵՄ 2008/98/EC Թափոնների շրջանակային դիրեկտիվով (WFD/ ԹՇԴ)՝ փոփոխված ԵՄ 2018/851 դիրեկտիվով: Թափոնները նաև համարվում են վտանգավոր, եթե դրանք ընդգրկված են Սահմանված վտանգավոր թափոնների դասակարգման (HW), թափոնների եվրոպական ցուցակի (LoW), 2000/532/EC որոշման մեջ: Ոչ վտանգավոր թափոնն այն թափոնն է, որը չունի վերը նշված վտանգավոր հատկություններից որևէ մեկը և որոնք նշված են թափոնների եվրոպական ցուցակում որպես ոչ վտանգավոր:
Վտանգավոր թափոններն ավելի մեծ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար, քան ոչ վտանգավոր թափոնները, հետևաբար պահանջում են վերահսկողության ավելի խիստ ռեժիմ, տարանջատ հավաքում և հատուկ մշակում: ԹՇԴ-ի համաձայն՝ պահանջվում է լրացուցիչ պիտակավորում, հաշվառում, մշտադիտարկում և վերահսկման պարտավորություններ «օրորոցից մինչև գերեզման», այլ կերպ ասած՝ թափոնների արտադրությունից մինչև դրանց վերջնական հեռացում կամ օգտահանում: ԹՇԴ-ն նաև արգելում է վտանգավոր թափոնների խառնումը վտանգավոր թափոնների այլ կատեգորիաների և ոչ վտանգավոր թափոնների հետ:
Թափոնների եվրոպական ցուցակը փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՄ-ում թափոնների դասակարգման ներդաշնակեցված համակարգ՝ ներառելով վտանգավոր և ոչ վտանգավոր թափոնների ցանկը: Թափոնների յուրաքանչյուր տեսակին տրվում է վեցանիշ ծածկագիր, իսկ վտանգավոր թափոնները նաև տարբերակվում են աստղանիշով (*): Վտանգավոր և ոչ վտանգավոր թափոնների դասակարգումը հիմնված է վտանգավոր նյութերի և պատրաստուկների դասակարգման և մակնշման համակարգի վրա: Սա ապահովում է նույնանման սկզբունքների կիրառումը նյութերի ողջ կենսացիկլի ընթացքում:
Վտանգավոր թափոնները, որոնք արտադրվում են տնային տնտեսությունների կողմից, այսինքն՝ վտանգավոր կենցաղային թափոնները (ՎԿԹ), ինչպիսիք են վտանգավոր կենցաղային քիմիական նյութերից առաջացող թափոնները (կենցաղային մաքրման և անձնական խնամքի միջոցներ, ներկեր, լաքեր, թանաքներ և սոսինձներ, կենցաղային և այգեգործական թունաքիմիկատներ, ֆոտոքիմիկան նյութեր, փաթեթավորում), կենցաղային առողջապահական թափոնները (չօգտագործված դեղագործական արտադրանք, կտրող-ծակող առարկաներ և այլ հանարավոր վարակիչ թափոններ), շինարարական թափոններy (ասբեստի թափոններ, մշակված փայտ, ածխաձյութ և ձութ պարունակող արտադրանք), ավտոմեքենաների սպասարկման թափոնները (ավտոմոբիլային արտադրանք, մակերևույթի փայլեցում, արգելակային հեղուկներ և հակասառեցման հեղուկներ, աղտոտված կլանող նյութեր և օգտագործված յուղի զտիչներ), սնդիկ պարունակող թափոնները, որոնք չեն հանդիսանում ԷԷՍԹ, որոշ ԷԷՍԹ, մարտկոցները և կուտակիչները, յուղերի թափոնները նույնպես պետք է տարանջատ հավաքվեն՝ վտանգավոր թափոնների ֆրակցիաներով քաղաքային թափոնների աղտոտումը կանխելու համար, որը կարող է հանգեցնել ավելի ցածր վերամշակման որակի և ապահովել այդ վտանգավոր թափոնների էկոլոգիապես մաքուր կառավարումը: ԵՄ անդամ երկրները պարտավորվել են մինչև 2025թ. հունվարի 1-ը ստեղծել տարանջատ հավաքման համակարգ ՎԿԹ-ի համար։ ԵՄ-ում ՎԿԹ-ի արձանագրված ծավալները տատանվում են մեկ բնակչի հաշվով տարեկան 1-ից 6 կգ միջև:
ԵՄ երկրներում ՎԿԹ-ն՝ սովորաբար դրա մոտ երկու երրորդը, հիմնականում հավաքվում է անշարժ տարանջատ հավաքման կենտրոններում (ՏՀԿ): Մոտ մեկ երրորդը հավաքվում է շարժական կերպով (շարժական ՏՀԿ) և պարբերական հավաքումների միջոցով: ՏՀԿ-ները հավաքման հիմնական օբյեկտներն են ՎԿԹ հնարավոր հոսքերի մեծ բազմազանության համար, սակայն օգտագործողի համար հարմարավետությունը առանցքային է. երկար աշխատանքային ժամերը, մատչելի վայրերը և բարձր խտության ՏՀԿ ցանցը մեծացնում են ՎԿԹ հավաքման ծավալները: Հեռավորությունը տնային տնտեսություններից (և հնարավորության դեպքում փոքր առևտրից, փոքր արդյունաբերությունից, հաստատություններից, փոքր բիզնեսից և այլն) չպետք է գերազանցի 7-8 կմ: Ավելին, մանրածախ խանութներում առկա են որոշ թափոնների հոսքերի հավաքման կետեր, ինչպիսիք են մարտկոցները, փոքր էլեկտրոնային սարքերը:
ՎԿԹ կատեգորիաների թե՛ հատկանիշները և թե՛ կառավարումը էականորեն տարբերվում են: Այնուամենայնիվ, ՎԿԹ հավաքման օբյեկտները կարող են խմբավորվել, ինչպես պատկերված է ստորև բերված գծապատկերում.

Գծապատկեր 1. Վտանգավոր կենցաղային թափոնների (ՎԿԹ) տարանջատ հավաքում

Եթե ՎԿԹ համար տրամադրվում են դռնից դուռ ծառայություններ, հավաքման ծախսերը մեծանում են, և նույնը՝ հավաքման տեմպերը, հատկապես խիտ բնակեցված տարածքներում: Պարբերական հավաքումները և շարժական ՏՀԿ-ները թույլ են տալիս հաղթահարել խիտ բնակեցված վայրերում տարածության սահմանափակումները: Այնուամենայնիվ, ՎԿԹ հավաքման օբյեկտների գտնվելու վայրի և պարբերականության մասին պետք է պատշաճ կերպով հաղորդել ավանդական խողովակների միջոցով, ինչպես նաև օգտագործողի համար հարմար թվային գործիքների միջոցով, որպեսզի հնարավորինս դյուրին լինի տնային տնտեսությունների համար ՎԿԹ-ն վերադարձնելը:
Ի լրումն ՏՀԿ-ների և պարբերական հավաքումների՝ տեղական իշխանությունները և արտադրողի պատասխանատվության ընդլայնմամբ (ԱՊԸ) հավաքման սխեմաները կարող են նախատեսել հավքման համար հարմար ուղիներ՝ մասնավորապես խանութում հետ ընդունելը և ըստ պահանջի հավաքումը: Որոշ ՎԿԹ-ների դեպքում, ինչպիսին է ասբեստը, տեղական իշխանությունները կարող են նվազագույնի հասցնել առողջության հետ կապված ռիսկերը և անօրինական հեռացումը` տրամադրելով տվյալ հոսքի համար որոշակի ծառայություններ, օրինակ՝ ստանդարտացված փաթեթավորմամբ կապակցված ասբեստի հավաքում տներից:
Շարժական ՏՀԿ-ն նույն հանրային վայրում որոշակի օրերի սովորաբար մնում է կես օր: Ծառայության հաճախականությունը կախված է տեղի հանգամանքներից և տատանվում է ամսական մեկից մինչև յոթ անգամ: Որոշ ֆրակցիաներ կարող են հավաքվել՝ ներառյալ շինարարական թափոնները, ԷԷՍԹ-ն և փայտը: Ծառայությունը սովորաբար քաղաքացիներին մատուցվում է առանց վճարի։ Շարժական ՏՀԿ-ներում չեն ընդունվում ընկերությունների թափոնները:
Թեև ծախսերը էապես տարբերվում են՝ ըստ ՎԿԹ հոսքի և գտնվելու վայրի, սակայն ծախսերի հետևյալ միջակայքերը ցույց են տալիս դրանց չափը. անշարժ ՏՀԿ ՝ 0,1-1,7 €/կգ, դռնից դուռ՝ 1,7-10 €/կգ; հետ ընդունման համակարգեր՝ 2-3 €/կգ, շարժական հավաքումներ՝ 2-10 €/կգ: Եվրոպական տարբեր երկրների համայնքապետարանները հայտնում են, որ ՎԿԹ կառավարման ընդհանուր արժեքը տատանվում է 200-ից մինչև 2000 €/տոննա:
Անշարժ ՏՀԿ-ների արժեքը ԵՄ երկրներում գնահատվում է մոտ 75 €/տոննա: ՎԿԹ հավաքման համակարգը հիմնականում ֆինանսավորվում է տեղական իշխանությունների կողմից և կազմում է մոտ 2 եվրո մեկ շնչի համար, ինչպես շարժական, այնպես էլ անշարժ ՏՀԿ-ների դեպքում: ԱՆշարժ ՏՀԿ-ները պահանջում են շատ ավելի մեծ նախնական ներդրումներ, քան մեկօրյա հավաքումները, սակայն մեկ մասնակցի հաշվով ծախսերը երկարաժամկետ կտրվածքով ավելի քիչ են լինում քաղաքապետարանի համար: ՏՀԿ-ներում կարող է հիմնվել նաև ապամոնտաժման և վերամշակման կենտրոն: Այս կենտրոնում որոշ թափոններ, հիմնականում ԷԷՍԹ, կարող են վերանորոգվել, վերամշակվել, վերաօգտագործվել և կատարելագործվել: Մարդիկ կարող են փոխանակել թափոնները, գնել վերանորոգված կամ վերամշակված ԷԷՍԹ և այլն:
Խանութում հետ ընդունումը կարող է կիրառվել ԷԷՍԹ, մարտկոցների, կուտակիչների, դեղագործական թափոնների, յուղերի թափոնների և այլնի համար անվճար հիմունքով: ՎԿԹ հավաքման այս ձևը հաստատելու համար պետք է ԱՊԸ սխեմաների վերաբերյալ ընդունվեն իրավական որոշումներ: Հետ ընդունման օբյեկտները սպառողներին առաջարկում են հարմար լուծումներ զրոյական կամ քիչ լրացուցիչ փոխադրման կարիքով: Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հանրությանը հասանելի դարձնեն այս հավաքման կետերը որպես ՎԿԹ կառավարման ընդհանուր ռազմավարության մաս: Մանրածախ առևտրով զբաղվողները պետք է իրավական ակտերով պարտավորված լինեն իրականացնել հետ ընդունման ծրագրեր միջին և մեծ խանութներում, իսկ փոքր խանութներում՝ կամավոր հիմքով։ Սովորաբար ՎԿԹ-ն հետ ընդունելու համակարգերը կիրառվում են հետևյալի համար.
- խոշոր էլեկտրական սարքեր, սառնարաններ, էկրանի սարքավորումներ, փոքր էլեկտրական սարքեր և գազալուսային լամպեր (գնեք նոր սարք, հանձնեք հին սարքը),
- մարտկոցներ (ճշգրիտ՝ օգտագործված սարքերի մարտկոցներ),
- ժամկետանց դեղեր և բժշկական ապրանքներ:
ՎԿԹ մշակումը ներառում է ՎԿԹ վերօգտագործումը և վերամշակումը (ներկեր, լաքեր, թանաքներ և սոսինձներ, ֆոտոքիմիական նյութեր, աղտոտված կլանող նյութեր և օգտագործված յուղի զտիչներ, ավտոմոբիլային արտադրանք, մակերևույթի փայլեցում, արգելակային հեղուկներ և հակասառեցման հեղուկներ, սնդիկ պարունակող թափոններ, որոնք չեն հանդիսանում ԷԷՍԹ-, մարտկոցներ և կուտակիչներ), բարձր ջերմաստիճանի այրում (սովորաբար կենցաղային մաքրման և անձնական խնամքի միջոցներ, ներկեր, լաքեր, թանաքներ և սոսինձներ, կենցաղային և այգեգործական թունաքիմիկատներ, չօգտագործված դեղագործական արտադրանք, կտրող-ծակող առարկաներ և այլ հնարավոր վարակիչ թափոններ, մշակված փայտ, ածխաձութ և ձութ պարունակող արտադրանք), քիմիական մշակումը (ֆոտոքիմիական նյութերի էլեկտրոլիզ, գոլորշու մեխանիզմով մանրէազերծում կամ կտրող-ծակող առարկաների և այլ հնարավոր վարակիչ թափոնների քիմիական մշակում), էներգիայի օգտահանումը (յուղերի թափոններ) և որպես վերջին քայլ՝ վտանգավոր թափոնների հեռացումն աղբավայրում (ասբեստի թափոններ, որոնց համար նախքան աղբավայր հեռացնելն իրականացվում են վնասազերծման միջոցառումներ, կենցաղային և այգեգործական թունաքիմիկատներ՝ պակաս բարենպաստ, քան այրումը, ածխաձութ և ձութ պարունակող արտադրանք՝ պակաս բարենպաստ, քան այրումը, սնդիկ պարունակող թափոններ, որոնք չեն հանդիսանում էէՍԹ, որոնք ընդհանուր առմամբ մշակվում և վնասազերծվում են, նախքան մշտական հեռացումը):
ՎԿԹ հավաքմանը և անշարժ և /կամ շարժական ՏՀԿ-ների ստեղծմանը զուգահեռ, բոլոր պետական մարմինների՝ ներառյալ համայնքապետարանների կողմից պետք է իրականացվի կենցաղային վտանգավոր թափոնների ռիսկերի, կանխարգելման և պատշաճ կառավարման վերաբերյալ շարունակական կրթություն և իրազեկում: